четверг, 5 февраля 2015 г.

ԶԳԱՅԱԿԱՆ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ (զգայություն, ընկալում, մտապատկեր)


ԶԳԱՅՈՒԹՅՈՒՆ
Արտաքին աշխարհի հետ մարդու բոլոր տեսակի առնչությունները իրականանում են անմիջական և միջնորդավորված կապերի բարդ համակարգի օգնությամբ: Անմիջական կապի կարևոր օղակներից մեկը զգայությունն է, որի շնորհիվ արտաքին աշխարհի իրերի, երևույթների ու գործընթացների մարդու վրա ներգործող էներգիան փոխարկվում է գիտակցության փաստի և հասկացությունների, դատողությունների ու մտահանգումների ձևով վերածվում է համապատասխան լրատվության ու գիտելիքի:
ԶԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ շրջակա աշխարհի ու երևույթների առանձին հատկությունների ու որակների արտացոլումն է մեր գիտակցության մեջ, օբյեկտիվ աշխարհի սուբյեկտիվ պատկերը: Փաստորեն զգայությունը օրգանիզմի արտաքին պայմաններին կենսաբանորեն հարմարվելու համակարգի կենսագործունեությունն է: Շրջակա միջավայրում հարմարվելու համար ինչպես ցածրակարգ, այնպես էլ բարձրակարգ օրգանիզմները օժտված են զգացող և հաղորդիչ օրգաններով: Օրգանիզմին շրջապատող օբյեկտներից առկայծող ու տարածվող էլեկտրամագնիսական տատանումներն ու քիմիական մոլեկուլները գրգռում են զգացող օրգան անալիզատորի ծայրամասը` ռեցեպտորը, որում առաջացած գրգիռը իմպուլսների ձևով նյարդային թելիկներով հաղորդվում է կենտրոնական անալիզատորի համապատասխան մասը և առաջացնում է զգայություն: Այսինքն, շրջակա աշխարհի ճանաչողության գործընթացն սկսվում է զգայությունից: Օրգանիզմի և շրջապատի միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունների ընթացքում ներվային համակարգի համապատասխան բաժինները մասնագիտացել են արտաքին աշխարհի որոշ ազդակներ ընդունելու ուղղությամբ, որի շնորհիվ յուրաքանչյուր անալիզատոր ակտիվանում է իրեն յուրահատուկ գրգռիչի ազդեցության հետևանքով: Ի.Պ. Պավլովը բազմաթիվ փորձերով ապացուցել է, որ օրգանիզմի յուրաքանչյուր անալիզատոր կենսականորեն հարմարեցված է կոնկրետ տիպի էներգիայի փոխանցմանը զգայության: Յուրաքանչյուր զգայարան արտացոլում է առարկաների բազմազան հատկանիշներից միայն իրեն համապատասխան հատկանիշը: Իսկ իրականության ճանաչումը բոլոր զգայարանների կապակցված ու միասնական գործունեության արդյունք է: Զգայարանների այդ գործունեության ֆիզիոլոգիական մեխանիզմը գլխուղեղի կեղևում առաջացնում է համապատասխան կապակցություններ, որոնք հետագայում համապատասխան գրգռիչի դեպքում կառաջացնեն համապատասխան երևույթ: Այսինքն, իբրև հոգեկան գործընթաց զգայությունը գլխուղեղի յուրահատուկ ռեֆլեքս է, որը ձևավորվում և ամրակայվում է մարդու պրակտիկ գործունեության ընթացքում: Առանց զգայարաններից հաղորդվող տվյալների ոչ միայն հնարավոր չէ մտածողություն, այլև այդ տեղեկատվության դադարեցման դեպքում ուղեղը կկորցնի մտածելու և գիտակցելու ընդունակությունը: Արտաքին միջավայրից ստացված տեղեկատվության շնորհիվ օրգանիզմը մշակում է համապատասխան վարքագիծ և պատասխան ռեակցիաների համակարգ: Մարդու աշխատանքային և ինտելեկտուալ գործունեության ողջ նվաճումները պայմանավորված են նաև զգայարանների աննախադեպ զարգացման ընթացքով: Օրգանիզմի ակտիվ և նպատակահարմար գործունեությունը կախված է նրա զգայական օրգանների կատարելագործման աստիճանից և ստացվող տեղեկությունների համապարփակությունից: Մարդու և կենդանիների արմատական տարբերությունը պայմանավորված է նաև նրանով, որ եթե օրգանական աշխարհի մյուս տեսակների մոտ խիստ զարգացած են այն առանձին զգայարանները, որոնք կարևոր են տվյալ տեսակի գոյության համար, ապա մարդու մոտ զարգացած է ամբողջ զգայական համակարգը, որի շնորհիվ մարդը զգայում է մտածելով:  Բայց զգայության գործընթացը միշտ ընդգրկում է տվյալ օբյեկտի առանձին հատկություններն ու հատկանիշները: Այդ առանձին հատկանիշների ամբողջական զգայումն ու իմաստավորումը արտացոլման որակական նոր գործողություն է և իմացության նոր աստիճան: Օբյեկտի տարբեր հատկությունների ամբողջական արտացոլման այդ աստիճանը կոչվում է ընկալում :
                                                           ԸՆԿԱԼՈՒՄ
Ընկալումը զգայական գործողության շնորհիվ օբյեկտի հատկությունների խորացված հայեցումն է: Այն ներգրավվում է զգայական գործնթացում որպես նպատակաուղղված զգայություն: Զգայության ժամանակ զգայական տեսադաշտում գտնվող օբյեկտների վրա դիֆերենցված ուշադրություն չի դարձվում, որի պատճառով բոլոր օբյեկտներն ու նրանց հատկությունները ենթարկվում են հպանցիկ ուշադրության և արտաքին, երևութական, սահմանափակ ըմբռնման: Ընկալման ժամանակ  օբյեկտները հայտնվում են ընկալողի ուշադրության կենտրոնում, որն ակտիվացնելով զգայարանների գործունեությունը փորձում է իմաստավորել զգայական ազդակներն ու արտացոլվող տեղեկությունը: Ասվածից հետևում է, որ ընկալումը զգայական իմացության խորացված և բարդ ձևն է: Զգայությունը պատկերացում է տալիս օբյեկտի որոշ կողմերի ու հատկությունների մասին, իսկ ընկալումը` հատկությունների ամբողջության մասին: Ընկալումը ձևավորվում է զգայելու ունակության հիմքի վրա, բայց զգալիորեն տարբերվում է նրանից: Իհարկե և զգայությունը, և ընկալումը դրսևորվում են զգայարանների վրա արտացոլվող օբյեկտի համապատասխան գրգիռների անմիջական ներգործության շնորհիվ: Սակայն  զգայության ընթացքում տեղեկություն է ստացվում օբյեկտի որևէ կողմի հատկության մասին, իսկ ընկալման ժամանակ բացահայտվում է օբյեկտի զգայական բոլոր կողմերն ու հատկությունները: Որոշ իմաստով ընկալումը կարելի է ներկայացնել որպես մտասևեռ զգայություն: Օրինակ, միշտ չէ, որ մարդը ակտիվորեն ընկալում է իր զգայական տեսադաշտում գտնվող օբյեկտները: Երբեմն նա անտարբեր անցնում է վաղեմի ծանոթի կողքով, զարմանք պատճառելով նրան ցուցաբերվող անուշադրության ու անտարբերության համար: Այդպիսի պահերին թեև զգայությունը մարդու մոտ շարունակվում է, բայց զգալիորեն թուլացած ձևով և  զգայական տեսադաշտում գտնվող օբյեկտները չեն ընկալվում: Նման պահերին, զգայական ակտիվության թուլացման պատճառով, մարդու մոտ չափազանց նվազում է շրջապատի որոշ իրերն ու երևույթներն ընկալելու ակտիվությունը և դրանց մասին կենտրոնական անալիզատորի համապատասխան բաժնին ռեցեպտորների հաղորդած թույլ իմպուլսը համապատասխան ազդեցություն չգործելով անհետք մարում է: Նման երևույթը օրգանիզմի պաշտպանական ռեֆլեքսի գործունեության արդյունք է, որի գործառույթներից մեկն էլ ներվային համակարգի պահպանումն է գերծանրաբեռնվածությունից և գերլարվածությունից: Մարդու մոտ ընկալման ունակությունը զարգանալով զգայելու ունակության հիմքի վրա, զգալիորեն տարբերվում է կենդանական աշխարհի էակների ընկալման ունակությունից: Յուրաքանչյուր կենդանական տեսակի մոտ զարգանում և ամրակայվում է նրա կենսապահպանման համար խիստ անհրաժեշտ ընկալման այն ունակությունը, որն ակտիվանում է միայն սահմանափակ օբյեկտների առկայության պայմաններում: Իսկ Աստված մարդունէ որպես բանական և սոցիալական էակ, տվել է ընկալունակության հսկայական չափերի ընդգրկում, որի մի մասը ամրակայված է կենսաբանական հիմքի վրա, մյուս մասը սոցիալական կենսագործունեության արդյունք է: Հետևապես մարդու մոտ ընկալումը մի շարք անալիզատորների միասնական ակտիվացման և ստացված ազդակները ամբողջացնող ուղեղի գործունեության բարդ գործընթաց է: Եթե անալիզատորները շրջապատի բոլոր օբյեկտներից ստացված ազդակները ուղեղ հասցնեին, այն ի զորու չէր լինի ընկալել, իմաստավորել և պատասխան ռեակցիա հրահանգել: Այդ իսկ պատճառով անալիզատորները ազդակներ ստանալու և հաղորդելու գործընթացում կատարում են նաև ընտրության ու կարգավորման գործառույթ: Եթե կենդանական աշխարհի մյուս տեսակների մոտ ընկալումը սահմանափակվում է առաջին ազդարարային համակարգով, մարդու մոտ դրան ավելանում է և երկրորդ ազդարարային համակարգը, որի շնորհիվ այն կապվում է անցյալի փորձի ու հմտության հետ և իմաստավորված բնույթ է կրում: Այդ անալիզատորների համատեղ գործունեության շնորհիվ շրջակա միջավայրի օբյեկտների զգայական պատկերները ամրակայվելով մարդու գիտակցության մեջ ուղի են հարթում բարդ ճանաչողական գործընթացների համար: Այդ շարքում մեծ է նաև մտապատկերների դերը:
                                                          ՄՏԱՊԱՏԿԵՐ
ՄՏԱՊԱՏԿԵՐԸ մեզ վրա նախկինում ներգործած առարկայի, երևույթի ընդհանրացված պատկերի արթնացումն է գիտակցության մեջ, այդ առարկայի, երևույթի բացակայության պայմաններում: Այն ձևավորվում և ծագում է զգայական ընկալումների շնորհիվ, բայց իրականության արտացոլման նոր որակ է: Զգայությունը հասանելի դարձնելով առարկայի ու երևույթների առանձին կողմերն ու հատկություններն իմացության գործընթացից դուրս է թողնում դրանց մյուս հատկությունները, այլ առարկաների ու երևույթների հետ ունեցած կապակցությունները: Այս բացը որոշ չափով լրացվում է ընկալման միջոցով: Բայց ընկալումը տալիս է միայն առարկայի մեր զգայարանների վրա ներգործելու պահի պատկերը, իսկ մյուս բազմաթիվ հնարավորությունները կարող է մնան ստվերում: Առօրյա, աշխատանքային գործունեության և մտավոր ստեղծագործության ընթացքում մարդը բազմաթիվ անգամներ առնչվելով միևնույն իրերին ու երևույթներին թափանցում է դրանց էության խորքը, բացահայտում է նորանոր հատկություններ, կողմեր ու հարաբերություններ, որով ամբողջացվում է տվյալ առարկայի կամ երևույթի մասին ձեռք բերված տեղեկությունը: Այդ գործընթացում մտապատկերը մի կողմից միջնորդ օղակ է դառնում զգայական ընկալման և վերացարկված մտածողության միջև, մյուս կողմից էլ հիշողությունը, երևակայությունը, մտահանգումը և հոգեկան այլ գործընթացները կապում է իրականության հետ: Այսինքն, այն յուրօրինակ կամուրջ է դառնում զգայությունից ու ընկալումից դեպի միտքը և մըտքից դեպի կենդանի հայեցողություն: Իր էությամբ մտապատկերը կապված լինելով զգայական իմացության հետ միաժամանակ զգալիորեն նրա սահմաններից դուրս է գտնվում: ՈՒղեղի կողմից մտապատկերների վերարտադրման ընթացքում զգայարանները անմիջապես չեն առնչվում զգայված իրերի ու երևույթների հետ: Զգայության առաջացման համար անհրաժեշտ է, որ ֆիզիկական օբյեկտները ակտիվ ներգործություն ունենան մարդու զգայարանների վրա: Իսկ մտապատկերի առաջացման համար այդ ֆիզիկական օբյեկտների ներկայությունը պարտադիր չէ, չնայած առանց այդ օբյեկտներից ստացվող զգայական ներգործությունների ու տպավորությունների ոչ մի մտապատկեր ձևավորվել չի կարող: Մտապատկերներն առաջանալով զգայություններից չեն նույնանում դրանց հետ: Մտապատկերների մեջ զգայվող օբյեկտներից ստացվող զգայական ակնառու, պայծառ, անհատական հատկանիշների հաշվին զորեղանում են ընդհանուր հատկանիշները: Այս գործընթացի շնորհիվ գիտակցությանը հնարավորություն է ընձեռվում կտրվելու իր անմիջական աղբյուրից և դառնալու  հարաբերականորեն ինքնուրույն սուբյեկտիվ երևույթ: Իմացության այդպիսի դրսևորումը իրականությունը պատկերում է իր գունագեղությամբ, թարմությամբ և կոնկրետությամբ: Սակայն իմացության այդ աստիճանը դեռևս չի թափանցում իրերի ու երևույթների խորքային հատկությունների, կապերի ու հարաբերությունների մեջ, լայնորեն չի ընդգրկում դրանց էությունը: Ամեն ինչ չէ, որ կարելի է զգայել, ընկալել, մտապատկերել: Իրերի ու երևույթների շատ կապեր ու փոխազդեցություններ բացահայտվում են զգայական իմացության տվյալների վրա, դրանց մշակումներից և որպես միջնորդավորված իմացություն ընդգրկում են ընդհանրացումների ու վերացարկումների որակական նոր աստիճանը, որի շնորհիվ միտքը զգայական կոնկրետից անցնում է ընդհանուրին: Մտապատկերների ձևավորման ժամանակ մեր գիտակցության մեջ վերարտադրվում են օբյեկտների այն հատկությունները, որոնք զգայվելու ժամանակ ուժեղ տպավորություն են թողել մեզ վրա: Այդ գործընթացն իր մեջ պարունակում է նաև վերացարկման և ընդհանրացման տարրեր, որի շնորհիվ հաճախ տարբեր ժամանակ ընկալված զանազան իրերի ու երևույթների առանձին հատկություններ ուղեղում իրար հետ միանալով կերպավորվում են որպես նոր մտապատկերներ: Օրինակ, իրականության մեջ ռեալ գոյություն չունեցող սֆինքսի մտապատկերը մեր նախահայրերի մտածողության մեջ սինթեզվել է որպես ուժ և իմաստություն մարմնավորող կենդանիների հավաքական կերպար: Մարդուն շրջապատող աշխարհում կան նաև բազմաթիվ երևույթներ, որոնք հասու չեն զգայական իմացությանը և եթե մեր գիտելիքները սահմանափակվեին միայն զգայարանների միջոցով ձեռք բերվածով, մենք շատ քիչ բան կիմանայինք մեզ շրջապատող իրականության մասին:

Комментариев нет:

Отправить комментарий