пятница, 26 декабря 2014 г.

ՌԵՖՈՐՄԱՑԻԱՆ ԵՎ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՄԻՏՔԸ։ ՖՐԵՆՍԻՍ ԲԵԿՈՆ։


                               ՌԵՖՈՐՄԱՑԻԱՆ ԵՎ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՄԻՏՔԸ

Վերածննդի ժամանակաշրջանում տեղի ունեցած Սոցիալ-տնտեսական և մշակութային փոփոխությունները իրենց ազդեցությունը թողեցին կրոնական կայնքի վրա։ 16-րդ դարում Մարտին Լյութերի և Ժան Կալվինի գաղափարախոսությամբ տեղի ունեցավ կրոնական հզոր շարժում, որը կոչվում է «Ռեֆորմացիա» կամ «բարենորոգություն»։ Ռեֆորմացիան ուղղված էր Հռոմի կաթոլի եկեղեցու և հումանիստ-աշխարհիկ գաղափարախոսության դեմ։ Այն նաև Հռոմեական սրբազան կայսրության դեմ ուղղված ազգային-ազատագրական շարժում էր, որը վերջնականապես խորտակեց Հռոմի կաթոլիկ եկեղեցու աշխարհակալական հույսերը։ Ռեֆորմացիան տեղի է ունեցել Անգլիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեցարիայում, Հոլանդիայում։ Գերմանիայում ռեֆորմացիայի սկսվելու առիթ հանդիսացավ ինդուլգենցիաների վաճառքը։ Ինդուլգենցիաները մեղքերի թողության մասին վկայագրեր էին, որոնք տրվում էին կամ գումարի դիմաց, կամ էլ եկեղեցու համար հատուկ ծառայություններ կատարելու դիմաց։

Մարտին Լյութերը Էրֆուրտի համալսարանը ավարտելուց հետո դառնում է վանական և Վիտենբերգի եկեղեցու դռներին փակցնում իր կաթոլիկ եկեղեցու դեմ ուղղված 95 թեզիսները։ Այդ թեզիսները հետագայում դառնում են բողոքական վարդապետության հիմքը։ Կաթոլիկ եկեղեցին շուտով Լյութերին բանադրանքի ենթարկեց, սակայն վճռականորեն տրամադրված գերմանացի աստվածաբանը ոչ միայն հրաժարվեց ներկայանալ Վատիկան, այլև 1520թ. հրապարակավ վառեց իր բանադրանքի վերաբերյալ պապական Թուղթը: Գերմանացիները Լյութերի այդ գործողություններն ընկալեցին որպես կաթոլիկ եկեղեցու դեմ ընդվզման, որպես Գերմանիայի ազատագրության ազդանշան։ Կալվինի և Լյութերի գաղափարախոսության հիմքում ընկած է «Հավատում եմ, որովհետև անհեթեթ է» սկզբունքը։ Նրանք կարծում էին, որ բանականությունը հավատի ճանապարհին կանգնածը հիմնական խոչընդոտն է, և, որ մարդը կարող է փրկվել միայն հավատալով, իսկ հավատը մարդուն տրված է ի վերուստ։ Ըստ նրանց բանականությունը ընդունակ չէ ճանաչել Աստծուն։ Աստծուն ճանաչել ընդունակ է միայն հավատքը և իսկական քրիստոնիայի համար պետք է ոչ մի նշանակություն չունենան ռացիոնալ աստվածաբանությունը և սխոլաստիկան։ Իմ կարծիքով մարդու և հավտքը, և բանակնությունը մեծ դեր ունեն Աստծուն ճանաչելու հարցում և դրանք մեկը մյուսի վրա են հիմնված։ Օրինակ եթե մենք հիշենք Թովմա Աքվինացու Աստծո կեցության «տիեզերաբանական» ապացույցը, կտեսնենք, որ իրոք տրամաբանական է Աստծո գոյությունը։ Եթե այն տրամաբանական է, նշանակում է, որ Աստված գոյություն ունի։ Այսինքն մենք հավատում ենք նրա գոյությանը և ցանկանում ենք ճանաչել նրան։ Աստծուն ճանաչելու համար կարդում ենք Աստվածաշունչ և շփվում նրա հետ աղոթքների միջոցով։ Եթե մարդու բանականությունը ասում է, որ այսինչ բանը անհնար է, բայց տվյալ մարդը աղոթում է Աստծուն և հավատում, որ Աստված նրան կլսի և կպատասխանի, ապա աստվածաշնչյան խոսքի համաձայն այդպես էլ կլինի և մարդու բանականությամբ անհնարը կդառանա հնարավոր։ Սակայն սա չի նշանակում, որ մարդու բանականությունը սխալ է, պարզապես նրան հասանելի չեն Աստծո գործերը։ Մարդ միայն պետք է հավատա,որ իր մտածողությամբ անհնար բաները ամենազորեղ և կատարյալ Աստծո համար հնարավոր են և եթե նրանից խնդրի և հավատա, Աստված երբեք նրա խնդրանքները անպատասխան չի թողնի։ Այսպիսով բանականությունը մարդուն անհրաժեշտ է, որ նա հավատա Աստծո գոյությանը, իսկ եթե հավատում է Աստծո գոյությանը, հավատում է նաև, որ իր բանականության համար անհնարին բաները հնարավոր են Աստծո համար։

Բողոքական վարդապետության առանցքային մյուս գաղափարն այն է, որ եկեղեցին չի կարող լինել մարդու և Աստծո միջնորդ օղակ: Քանի որ յուրաքանչյուր ոք կարող է փրկվել միայն հավատի միջոցով, որն անմիջականորեն նրան շնորհվում է Աստծո կողմից, ուստի սկզբունքային տարբերություն չկա աշխարհիկ մարդկանց և հոգևորականների միջև: Նա ասում էր, որ յուրաքանչյուր մարդ էլ կարող է կարդալ և վերլուծել Աստվածաշունչը և դրա համար պարտադիր չէ, որ եկեղեցի գնա։ Կ.Մարքսի դիպուկ արտահայտությամբ, Լյութերը ազատագրեց մարդուն արտաքին կրոնականությունից, կրոնականությունը դարձնելով մարդու ներքին աշխարհ, կամ վերացրեց տերտերներին՝ բոլորին դարձնելով տերտերներ: Լյութերը ասում էր, որ երկրային կյանքում քրիստոնյան պետք է իրականացնի իր առաքելությունը, այսինքն՝ իր ակտիվ հասարակական ու տնտեսական գործունեությամբ նպաստի երկրի վրա Աստծո թագավորության հաստատմանը: Աշխարհը ոչ թե «լացի ու թախծի հովիտ» է, այլ աստվածային կամքի իրագործման դաշտ, որտեղ մարդը ճգնավորության փոխարեն պետք է ապրի աշխարհիկ կյանքով, ունենա ընտանիք, մեծացնի երեխաներ, զբաղվի տնտեսական գործունեությամբ: Ես համաձայն եմ Լյութերի հետ այն հարցում, որ յուրաքանչյուր մարդ էլ կարող է կարդալ Աստվածաշունչ, բայց հասարակ մահկանացուի ուղեղին հասանելի չեն Աստվածաշնչում գրվածները։ Յուրաքանչյուր մարդ էլ կարող է կարդալ Աստվածաշունչ և անգամ կարող է այն անգիր իմանալ, սակայն դա չի նշանակում, որ նա ամբողջությամբ հասկացել է Աստվածաշունչը։ Նախ և առաջ իմ կարծիքով չկա այնպիսի մարդ, ով ամբողջությամբ հասկացել է Աստվածաշունչը, բայց եթե կարդալուց առաջ աղոթեն և Աստծուց խնդրեն, որ նրանց բացվի Աստվածաշնչում գրվածները, դրանք ինչ որ չափով անպայման կբացվեն։ Ինչ վերաբերվում է եկեղեցի գնալուն, ես լիովին համաձայն եմ Լյութերի հետ, որ եկեղեցին չէ, որ կապում է մարդուն և Աստծուն։ Աղոթելու, Աստվածաշունչ կարդալու համար պարտադիր չէ եկեղեցի գնալ։ Այդ ամենը տանն էլ կարող ենք անել, իսկ այն գումարը, որը գցում ենք արկղների մեջ, կամ օգտագործում մոմ գնելու համար, որը հետագայում հալվում է և ոչ ոքի ոչ մի օգուտ չի տալիս, կարող ենք ծախսել օրինակ մանկատան երեխաներին կամ ծերանոցներին օգնելու համար։ Այդպես համոզված կլինենք, որ այդ գումարը Աստծուն է ծառայում։ Ըստ իս Լյութերը նաև ճիշտ էր այն հարցում, որ մարդ պետք է լիարժեք ապրի՝ ունենա ընտանիք, երեխաներ մեծացնի, զբաղվի տնտեսական գործունեությամբ։ Ի տարբերություն Լյութերի, Կալվինը քարոզում էր «աշխարհիկ ասկետիզմ»՝ պահանջելով հրաժարվել երկրային հաճույքներից, զվարճություններից և խստորեն հետևել կրոնական բարոյականության պատվիրաններին։ Իհարկե մարդիկ պետք է հետևեն կրոնական բարոյականության պատվիրաններին, սակայն դա ամենևին էլ չի խանգարում երկրային զվարճություններից օգտվելուն (նայած, թե զվարճություն ասելով ով ինչ է հասկանում)։

Լյութերի ու Կալվինի կրոնական վարդապետությունների մեջ առանցքային նշանակություն ունի նաև մարդու կամքի ազատության ժխտումը: «Կամքի ստրկության մասին» աշխատության մեջ, հանդես գալով հումանիստ Էրազմ Ռոտերդամցու տեսակետի դեմ, Լյութերը պաշտպանում է մարդու կյանքի բացարձակ կանխորոշման մասին տեսությունը: Նախնական մեղսագործության հետևանքով մարդու բնությունն ապականվել և այնչափ է տկարացել, որ լավագույն դեպքում նա կարող է տարբեր մեղքերի միջև ընտրություն կատարել: Մարդու փրկությունն ամբողջությամբ կախված է Աստծուց, որովհետև նա արդեն ի սկզբանե կանխորոշել է յուրաքանչյուրի ճակատագիրը: Մարդն ի վիճակի չէ ո՛չ իմանալու, ո՛չ էլ փոխելու ի վերուստ նախասահմանվածը: Յուրաքանչյուրը կարող է իրեն համարել Աստծո ընտրյալը և իր գործերի հաջողությամբ դատել, թե ինչ է իրեն կանխորոշված: Եթե գործերը հաջող են ընթանում, ուրեմն ինքն «ընտրյալ» է, իսկ եթե անհաջող՝ «անիծյալ» է: Նախ սկսեմ նրանից, որ Աստված ոչ ոքի չի ընտրում և ոչ ոքի չի անիծում։ Նա ի սկզբանե մարդկանց տվել է ազատ կամք։ Եթե մարդիկ ցանկանում են հետևել Աստծուն, պահել նրա պատվիրանները, նրանք իրենց վարձքը անպայման կունենան թե երկրի վրա և, թե երկնքում։ Իսկ ովքեր, որ չեն ցանկանում հետևել Աստծուն և չեն պահում նրա պատվիրանները, նրանք գուցե իրենց գործերի հաջողությունը կարողանան լավ դասավորել երկրի վրա, բայց ինչպես գրված է Աստվածաշնչում, միայն նրանք ովքեր կպահեն Աստծու պատվիրանները մեռնելուց հետո էլ կապրեն։

Ծանր հարվածներ ստանալով Ռեֆորմացիոն շարժումներից՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցին, այնուամենայնիվ, չընկրկեց, այլ փորձ կատարեց հակահարվածներով վերականգնել իր իշխանությունն ու հեղինակությունը: Ռեֆորմացիոն շարժումների դեմն առնելու նպատակով 1534թ. ստեղծվեց ճիզվիտների ուխտը, որին կոչում են նաև Վատիկանի «սև գվարդիա»: Այդ ուխտի հիմնադիրը և առաջին գեներալըսև պապը») իսպանացի ազնվական Իգնասիո Լոյալն էր, որի «Հոգևոր մարզանքներ» աշխատության մեջ շարադրված են ճիզվիտների (հիսուսականների) գործունեության սկզբունքները: Դրանց էությունն ամփոփված է «նպատակը արդարացնում է միջոցները» գլխավոր սկզբունքի մեջ: Ճիզվիտների խնդիրն էր, հաշվի առնելով փոփոխված պայմանները, պայքար մղել հակակաթոլիկական շարժումների, հերետիկոսների և եկեղեցու դավանանքին անհարիր գաղափարների տարածման դեմ: Ստանալով զգալի արտոնություններ, ճիզվիտները կարողացան ստեղծել հզոր կազմակերպություն, որը զբաղվում էր ոչ միայն պատժիչ գործունեությամբ և «մարդորսությամբ», այլև կրթության և դաստիարակության խնդիրներով: Եվրոպան հեղեղվեց ճիզվիտական դպրոցներով ու համալսարաններով, որոնց խնդիրն էր «Քրիստոսի մարտիկին» տալ այնպիսի կրթություն, որն ապահովեր նրա հաղթանակը գաղափարական մրցակցության ժամանակ: Ճիզվիտների սկզբունքը միանշանակ սխալ էր, նպատակը իհարկե չի արդարացնում միջոցները, որովհետև միջոցները միշտ չէ, որ կարող են ճիշտ և արդար լինել Աստծու համար։ Ինձ համար սխալ է նաև, որ ճիզվիտները փորձում էին այնպիսի կրթություն տալ, որ միշտ գաղափարական մրցակցություններում հաղթեն, որովհետև Աստվածաշնչում գրված է, որ միայն Աստծո խոսքի «սերմերը» գցեն մարդկանց սրտերում, իսկ թե ինչքանով դրանք կծլեն և կաճեն միայն այդ մարդու և Աստծո գործն է։ Ռեֆորմացիոն շարժումների դեմ ուղղվեց նաև կաթոլիկ եկեղեցու գլխավոր պատժիչ զենքը՝ ինկվիզիցիան, որը ստեղծվել էր դեռևս 1232թ.: 1542թ. հիմնվեց կենտրոնական հավատաքննչական դատարանը, որը դարձավ մարդկային դաժանության մարմնացում: «Մեծ հավատաքննիչի» ուրվականը թափառում էր Եվրոպայում՝ ահ ու դողի մեջ պահելով մարդկանց: Միայն «նշանավոր» հավատաքննիչ Թորկվեմադայի օրոք  Իսպանիայում խարույկ է բարձրացվել 16.200 մարդ, բանտարկվել՝ 100.000 մարդ, տարբեր պատիժներ ստացել՝ շուրջ 200.000 մարդ: 16-17-րդ դդ. Եվրոպայում մոլեգնում էին կրոնական արյունոտ պատերազմները:

                       ՖՐԵՆՍԻՍ ԲԵԿՈՆ
Անգլիացի փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնը  Նոր ժամանակի «փիլիսոփայական հեղափոխության» առաջամարտիկներից է: Նա ծնվել է բարձր աստիճանավորի ընտանիքում, սովորել Քեմբրիջի համալսարանում, որն ավարտելուց հետո անցել է դիվանագիտական աշխատանքի: 1577-1579թթ. նա Փարիզում անգլիական դեսպանատան աշխատակիցն էր: Հոր մահից հետո Բեկոնը վերադառնում է Անգլիա և զբաղվում իրավաբանական ու քաղաքական գործունեությամբ: Այդ ասպարեզում նա լուրջ հաջողությունների է հասնում Հակոբ 1-ին Ստյուարտի օրոք՝դառնալով անգլիական պետության լորդ-կանցլերը: Բայց շուտով Բեկոնն ստիպված էր թողնել քաղաքական գործունեությունը. պառլամենտը նրան մեղադրեց կաշառակերության մեջ և խիստ դատավճիռ կայացրեց: Սակայն թագավորի միջնորդությամբ նա ազատվեց և մինչև կյանքի վերջը զբաղվեց գիտափիլիսոփայական գործունեությամբ:
Բեկոնի փիլիսոփայական ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում «Նոր օրգանոն» աշխատությունը, որը նրա «Գիտությունների մեծ վերականգնում» երկի երկրորդ մասն է: Նրա գրչին են պատկանում նաև «Գիտությունների արժանապատվության և բազմապատկման մասին», «Քաղաքական և բարոյական փորձեր», «Նոր Ատլանտիդա» և այլ երկեր:
Փիլիսոփայության և գիտության առաջնահերթ խնդիրը Բեկոնը համարում է բնության ուսումնասիրության միջոցով մարդկանց պահանջմունքների բավարարումը: Ելնելով այն բանից, որ միայն ճանաչելով բնության օրենքները՝ մարդը կարող է դրանք ծառայեցնել իր նպատակներին, Բեկոնը փիլիսոփայությունը և գիտությունը գնահատում է այնքանով, որքանով դրանք ունեն գործնական նշանակություն և նպաստում են բնության նկատմամբ մարդու գերիշխանության հաստատմանը: Հակադրվելով գիտելիքի մասին անտիկ և միջնադարյան ըմբռնումներին՝ Բեկոնը գիտելիքը համարում է ուժ: Գիտելիքով է պայմանավորված մարդու գործելու և ստեղծագործելու հաջողությունը. «Մարդը, բնության սպասյակը և մեկնաբանը, - գրում է նա, - այնքանով է գործում և հասկանում, որքանով ըմբռնում է բնության կարգը. դրանից ավելին նա ոչինչ չգիտի և ոչինչ չի կարող անել»: Բեկոնի համոզմամբ գիտելիքը պետք է ոչ թե լինի ինքնանպատակ, այլ մարդկային պահանջմունքների բավարարման միջոց: Գիտելիքի արժեքավորման չափանիշը օգտակարությունն է: Սակայն, այս օգտապաշտական դիրքորոշումը չի նսեմացնում տեսական գիտելիքի արժանիքը: Բեկոնը տարբերակում է երկու տեսակի գիտելիք կամ փորձ՝ պտղաբեր, որի նպատակն է մարդուն անմիջական օգուտ բերելը, և լուսաբեր, որի նպատակը ոչ թե անմիջական օգուտն է, այլ բնության օրենքների իմացությունը: Այդ կապակցությամբ նա բերում է հետևյալ օրինակը. մի անգամ մարմնի անդամները մեղադրում են ստամոքսին, որ նա չի շարժում մարմինը: Մինչդեռ ստամոքսը, մարսելով ստացված ուտելիքը, բաշխում է ամբողջ մարմնին: Նմանապես նրանք, ովքեր ընդհանուր օրենքների ուսումնասիրության մեջ տեսնում են միայն անպտուղ զբաղմունք, չեն նկատում, որ հենց դա է կենսահյութ մատակարարում մյուս գիտություններին ու զբաղմունքներին:
Իբրև գիտության արմատական բարենորոգիչ, Բեկոնը ոչ միայն քննադատում է գիտության մասին իր նախորդների ունեցած սխալ պատկերացումները, այլև բացահայտում այն պատճառները, որոնք խոչընդոտում են գիտության առաջընթացին: Գիտությունների վերականգնման բեկոնյան ծրագրի մեջ կարևոր տեղ է հատկացվում գիտությունների դասակարգման խնդրին: Անգլիացի փիլիսոփան գիտությունների դասակարգման հիմքում դնում է մարդու ճանաչողական ունակությունները՝ հիշողությունը, երևակայությունը և բանախոհությունը: Հիշողության վրա հիմնվում են պատմական գիտությունները (բնական և քաղաքացիական պատմությունները), որոնք ուսումնասիրում են փաստերը: Երևակայության վրա հիմնվում են գրականությունը, պոեզիան և մյուս արվեստները: Բանախոհության վրա խարսխվում են տեսական գիտությունները կամ, լայն իմաստով, փիլիսոփայությունը: Փիլիսոփայության առարկան են Աստված, Բնությունը և Մարդը: Ըստ այդմ էլ փիլիսոփայությունը բաժանվում է երեք մասի՝ բնական աստվածաբանության, բնության փիլիսոփայության և մարդաբանության, որի մեջ մտնում են հոգեբանությունը, տրամաբանությունը, բարոյագիտությունը և քաղաքագիտությունը: Բեկոնի կարծիքով՝ փիլիսոփայությունը և աստվածաբանությունն իրարից տարբերվում են իրենց ուսումնասիրության առարկայով, իմացության մեթոդներով և հետապնդած նպատակներով: Փիլիսոփայության մեջ փնտրել աստվածաբանություն, նույնն է, թե մեռյալների մեջ փնտրել կենդանի մնացածներին, և ճիշտ հակառակը: Փիլիսոփայությունը և աստվածաբանությունը չպետք է խառնվեն միմյանց գործերին, քանի որ դրանցից յուրաքանչյուրն ունի իր կոչումը և առաքելությունը:   Սակայն ըստ իս փիլիսոփայությունն աստվածաբանության աղախինն է։ Փիլիսոփայական և տրամաբանական փաստարկները պետք է օգտագործվեն կրոնական սկզբունքները հիմնավորելու համար։ Բացի այդ ըստ իս փիլիսոփայության հիմքը աստվածաբանությունն է։ 
Փիլիսոփայության խնդիրը բնության ուսումնասիրությունն է, բնական օրենքների բացահայտումը: Իսկ դրա համար անհրաժեշտ է ունենալ նոր մեթոդաբանություն, նոր օրգանոն։
Բեկոնի կարծիքով՝ ճշմարիտ իմացությանը խանգարում են չորս հիմնական կուռքեր կամ ուրվականներ, որոնց նա անվանում է սեռի, քարանձավի, հրապարակի և թատրոնի կուռքեր: Սեռի և քարանձավի կուռքերը բնածին են, այսինքն՝ դրանց արմատները թաքնված են մարդկային բնության մեջ, իսկ հրապարակի և թատրոնի կուռքերը ձեռքբերովի են:
Սեռի կուռքերը բնորոշ են մարդկային սեռին. դրանց առաջացման պատճառներն են՝ մարդկային ոգու միակերպությունը, դրա հավակնությունները, սահմանափակությունը, անընդհատ որոնումները, կրքերից ներշնչվելը, զգայությունների անկարողությունը, ընկալման եղանակները և այլն: Մարդիկ դատում են բնության մասին ըստ իրենց սուբյեկտիվ պատկերացումների: Օրինակ, մարդու բանականությունն այնպիսին է, որ նա հակված է պաշտպանելու ընդունելի կարծիքը: Եթե դա նրան դուր է գալիս, ապա նա չի տեսնում կամ արհամարհում է այն փաստերը, որոնք հակառակ են այդ կարծիքին:
Քարանձավի կուռքերը սեռի կուռքերի անհատական շեղումներն են: Յուրաքանչյուր մարդ ունի իր «քարանձավը», իր ներաշխարհը, որն իր կնիքն է թողնում իրականության մասին դատողությունների բնույթի վրա: Քարանձավի կուռքերի առաջացումը կախված է մարդու հոգու և մարմնի հատկություններից, դաստիարակությունից, սովորույթներից, պատահականություններից և արժեքների համակարգից: Օրինակ, ոմանք տեսնում են իրերի մեջ գոյություն ունեցող տարբերությունները, իսկ մյուսները՝ ընդհանրությունները: Ոմանք հակված են պաշտելու հինը, մյուսները՝ միայն նորը:
Սեռի և քարանձավի կուռքերը հնարավոր չէ ամբողջությամբ արմատախիլ անել, բայց կարելի է, իմանալով մարդկանց վրա դրանց ունեցած ազդեցությունը և բնույթը, կանխել սխալների բազմապատկումը:
Հրապարակի կուռքերը հիմնականում առաջանում են բառերի, հասկացությունների սխալ գործածությունից: Մարդիկ գործածում են բառեր, որոնց ծագումը և իմաստը անորոշ է: Հաճախ փիլիսոփաները վիճում են ոչ թե ըստ էության, այլ բառերի շուրջ: Այդ կուռքը տիրապետող էր սխոլաստիկական փիլիսոփայության մեջ, որտեղ առատորեն օգտագործվում էին կեղծ, անորոշ, ոչինչ չասող բառեր և հասկացություններ: Հրապարակի կուռքերի հաղթահարման ձևը բառերի ու հասկացությունների ճիշտ կազմավորումը և գործածությունն է:
Թատրոնի կուռքերը բնածին չեն և մարդու բանականության մեջ են թափանցում մտացածին տեսություններից ու փիլիսոփայական ուսմունքներից: Կեղծ փիլիսոփայության և մոլորությունների արմատներն են՝ սոփեստությունը և ռացիոնալիզմը, էմպիրիզմը և սնոտիապաշտությունը: Ռացիոնալիստական բնույթի փիլիսոփայությունը փորձից վերցնում է բազմազան ու հայտնի փաստերը և, ըստ էության, դրանք չուսումնասիրելով, հույսը դնում է մտքի գործունեության վրա: Այդպիսին էր, օրինակ, Արիստոտելի փիլիսոփայությունը, որն «իր տրամաբանությամբ փչացրեց բնական փիլիսոփայությունը, քանի որ աշխարհը կառուցեց հասկացություններից»: Էմպիրիկական փիլիսոփայությունը հիմնվում է փորձի մի քանի փաստերի վրա և դրանից այն կողմ ոչինչ չի տեսնում: Ավելի վտանգավոր է այն դեպքը, երբ փիլիսոփայությունը խառնվում է աստվածաբանական, կրոնական և սնոտի գիտելիքների հետ: Օրինակ, որոշ գիտնականներ փորձում են բնական փիլիսոփայությունը կառուցել՝ հենվելով Գիրք ծննդոցի, Հոբի գրքի կամ ուրիշ սուրբ գրքերի վրա(իմ կարծիքով դա բոլորովին վտանգավոր չէ):
Բեկոնի կուռքերի մասին ուսմունքը կոչված էր բանականությունը մաքրելու կեղծ պատկերացումներից և հող նախապատրաստելու իմացության այնպիսի մեթոդի մշակման համար, որ պիտի դառնա հայտնագործության արվեստ        
Այս կապակցությամբ նա քննադատում է ինչպես «սողացող էմպիրիզմը», որը փաստերից չի կարողանում տեսական ընդհանրացումներ անել, այնպես էլ ռացիոնալիզմը, որը, անտեսելով փորձի տվյալները, գիտելիքը բխեցնում է բանականությունից: Բեկոնը դրանց հակադրում է երրորդ ուղին, որը զերծ է էմպիրիզմի և ռացիոնալիզմի թերություններից և միաժամանակ ներառում է դրանց լավագույն կողմերը: Այս երեք ուղիները Բեկոնը արտահայտում է այլաբանորեն՝ էմպիրիկներին նմանեցնում է մրջյունների, ռացիոնալիստներին՝ սարդերի, իսկ երրորդ ուղու կողմնակիցներին՝ մեղուների հետ: Էմպիրիկները մրջյունների պես հավաքում են փաստեր, ռացիոնալիստները սարդի նման իրենցից հյուսում են սարդոստայն, իսկ մեղուն հավաքած նյութերից ստեղծում է նոր նյութ՝ մեղր
Ի հակադրություն արիստոտելյան և սխոլաստիկական մեթոդաբանության, որն ընդհանուրից ընթանում էր դեպի մասնավորը, Բեկոնը ճշմարիտ է համարում այն ուղին, երբ միտքը մասնավոր դրույթներից ընթանում է դեպի ամենաընդհանուր դրույթները: Դեդուկցիան, սիլլոգիզմները, ըստ նրա, պիտանի չեն, հատկապես եթե խոսքը վերաբերում է ճշմարիտ գիտելիքի հայտնաբերմանն ու հիմնավորմանը
Գիտական ինդուկցիան կազմված է երեք աղյուսակից՝ Դրական աստիճանի, Բացասական աստիճանի և Համեմատության աստիճանի: Դրական աստիճանի աղյուսակում ամրագրվում են ուսումնասիրվող երևույթի որոշակի հատկությունների առկայության դեպքերը: Բացասական աստիճանի աղյուսակում արձանագրվում են այն դեպքերը, երբ խնդրո առարկա երևույթի այս կամ այն հատկությունը բացակայում է: Համեմատության աստիճանի աղյուսակում ամրագրվում են տվյալ երևույթի հատկությունների առկայության և բացակայության, աճման և նվազման պահերը: Համեմատությունների միջոցով առանձնացվում է հատկությունների մի կայուն խումբ, որը Բեկոնը անվանում է հետազոտվող երևույթի ձև կամ «բնություն»: Հենց այդ «ձևերի» և «բնությունների» ուսումնասիրությամբ զբաղվում է փիլիսոփայությունը: Այսինքն՝ փիլիսոփայությունը գիտություն է ոչ թե վերզգայական էությունների, այլ բնական-նյութական ձևերի կամ օրենքների վերաբերյալ: Հարկ է նշել, որ նախապատվությունը տալով ինդուկտիվ մեթոդին՝ անգլիացի փիլիսոփան թերագնահատում է ինչպես դեդուկտիվ մեթոդի, այնպես էլ մաթեմատիկայի դերը ճշմարիտ գիտելիքի ձեռքբերման գործում: Այնուհանդերձ, Բեկոնի փիլիսոփայությունը և նրա մշակած գիտական մեթոդը կարևոր դեր խաղացին Նոր ժամանակի փորձարարական գիտության և բնապաշտական փիլիսոփայության կայացման գործում:

Комментариев нет:

Отправить комментарий